ruhyen
ԳՐՔԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՃԱՆԱՉԵԼՈՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՍ ՃԱՆԱՉԵՑԻ ԻՆՁ

     Ես ինձ դաստիարակել եմ որտես գիտաշխատող

Իմ միջավայրում՝ Արվեստի ինստիտուտում, ինձ անվանում են գիտնական. Մեկ-երկու տեղից լսել եմ, որ ասել են՝ մեծ գիտնական և դրանից մի տեսակ ցնցվել եմ. մեծ չեմ հաստատ, ես ընդամենը գիտաշխատող եմ: Իմ էությամբ, ներքուստ ես արտիստ եմ: Բայց ինձ դաստիարակել եմ որպես գիտաշխատող:

Երբ 1961 թվականին ընդունվեցի ասպիրանտուրա և նստեցի Գրականության ու արվեստի թանգարանի մի սենյակում. պետք է թերթեի 1843 թվականի «Բազմավեպը». Չթերթեցի, սենյակում մարդ չկար, նստեցի ու անիծեցի այն օրը, երբ եկա այս ձանձրալի տեղը: Ուսանող ժամանակ ես ինձ պատրաստում էի գրական էստրադայի համար, բայց ոչ ասմունքող՝ այսօվա հասկացողությամբ, այլ էստրադայից արձակ պատմվածքներ կարդացող: Դա իմ տարերքն էր և իմ հաջողությունը:

1958 թվականին հանդիպեցի Սուրեն Քոչարյանին: Իր տանը զրուցեցինք. առանձնասենյակ ուներ, որտեղ շրջապատված իր գրքերով՝ գիտնականի նման աշխատում էր որպես հետազոտող: Նա ինձ իր աշխատանքը ներկայացրեց. ասաց՝ պետք է շատ կարդալ, եթե «Ոդիսականի» սկիզբը պիտի կարդաս հին հունարեն, նշանակում է՝ պետք է ուսումնասիրես հին հունարենի քերականությունը, էլ չեմ ասում՝ արաբերենի քերականությունը՝ «Հազար ու մի գիշերն» արաբերեն կարդալոււ համար, հին վրացերեն քերականությունը՝ «Ընձենավորի» սկիզբը կարդալու համար: Ասաց՝ գրական էստրադան դա գրականագիտություն է և արվեստ, պետք է խորանալ ու խորանալ: Ես նրան երանի չտվեցի, բայց իմացա, որ այդպես պետք է աշխատել: Այսօր ես իմ տան առանձնասենյակում նրանից շատ գրքեր ունեմ և նման վիճակում եմ նստած, բայց ոչ որպես գրական էստրադայի արտիստ, այլ որպես հետազոտող:

     Մշակույթը բռնություն է

Մարդու կյանքն ամբողջապես արգելքներով է շրջապատված, չկա բացարձակ ազատություն և չի կարող լինել: Որևէ մեկն ինքնուրույն, իր սեփական կամքով չի գնա դպրոց, միշտ աշակերտի համար լավ է կիրակին, դասից փախչելը: Դա հոգեբանություն է, բայց անհրաժեշտություններ կան: Ես միշտ ասել եմ՝ մշակույթն իր մեջ ունի բռնության պահեր: Այն, որ մշակույթը բռնություն է, դա ես չեմ հորինել, դա գերմանական մշակութաբանների ասածն է: Մի շատ պարզ օրինակ ասեմ՝ վայրի տանձն անտառում աճում է, և կարծես թ վատ տանձ չէ, բայց այդ տնկին անտառից, իր հողից հանում են, բռնություն է սա արդեն, տանում տնկում պարտեզում, հետո պատվաստուն են, դարձյալ բռնություն, սրսկում են, խնամում, այդ բոլորը բռնություն է. տանձենին դա չի նախատեսել իր համար: Բռնություն գործադրելով՝ նրանից ստանում են ավելի լավ տանձ. նա դրսևվորվում է իր կատարյալ արդյունքներով: Այդպես էլ երաժշտություն են սովորեցնում մարդուն՝ մատները ցավեցնելով, իսկ հետո նա սկսում է շատ թեթև նվագել: Դա բնության նյութի մշակումն է, որի արդյունքը մշակույթ է:

     Անազատ հասարակության մեջ մարդը չի կարող իրեն ճանաչել

Ես մոտեցա ինքնաճանաչման 1988 թվականից սկսած այն օրվանից, երբ զգացի ազատությունը, իմ գրիչը թեթևացավ: Ճիշտն ասած ես ճնշված չեմ եղել: Ինչ որ գրել եմ, տպագրվել է: Ուղղակի շրջանցել եմ իմ իսկական գաղափարական ելակետերը, որը կոչվում է բուրժուական փիլիսոփայություն: Անազատ հասարակության մեջ մարդը չի կարող իրեն ճանաչել:

Ներքուստ ինչքան էլ ազատ լինես, դու խոսում ես՝ հարմարվելով միջավայրին, որ քեզ հասկանան: Նույնիսկ ինքդ քեզ հետ էլ կարող ես անկեղծ չխոսել: Նկատի ունեցեք, ես մի մարդ եմ, որը ծնվե1936 թվականին՝ ամենաանազատ ժամանակներում: Մանկությունից դաստիարակված չի եղել այդ ազատությունն իմ մեջ: Գիտես, որ այդպիսի բան կա, բայց չես զգում այն: Ճանաչելով ազատությունը՝ ես ճանաչեցի նաև ինձ: Եվ դրանից հետո ես ավելի շատ եմ գրել, քան նախորդ շրջանում: Ոմանք դադարեցին աշխատել, իրենցից ինչ-որ բան խլվեց, գաղափարազրկվեցին: Ասացի՝ ինձ համար այսօր ամենաթանկը այն աշխատանքային ազատությունն է, որ չենք ունեցել: Ոչ, ես մամուլի խոսքի ազատության մասին չեմ խոսում, այլ՝ աշխարհայացքային ազատության, որն ինձ համար ամենակարևորն է: Իսկ նա, ով չգիտակցեց, պարզապես աշխարհայացք չէր ունեցել: Նրանք, ովքեր չունեին այդ ազատության կարիքը, խամրեցին, կամ իրենց գործը թողեցին, կամ հուսահատ, գլխիկոր քայլում են մինչև հիմա ծերացած: Ես երիտասարդացա: Իմ աշխատանքի եռանդը կրկնապատկվեց: Հասկացա, որ իմ կյանքում մի բան այնքան էլ ճիշտ չի եղել: Նորից հասկացա, որ ես գիտնական չեմ. ես արտիստ եմ, բայց ոչ բեմի: Ուրիշ պայմաններում՝ ազատ հասարակության մեջ, ես գրականությամբ էի զբաղվելու: Ի դեպ, 1960 թվականին իմ ընկեր Հրանտ Մաթևոսյանն ինձ ասաց՝ երբ դու սովոր չես սեղանի մոտ նստելուն, եթե ասպիրանտուրա գնաս, սեղանի մոտ նստես, դու գիտական աշխատանքով չես զբաղվի, դու կսկսես պատմվածքներ գրել: Այս վերջին տասնամյակում հասկացա, որ կարիք ունեմ վեպ գրելու. գրեցի պատմվածքներ, տպագրվեց Աղասի Այվազյանի թերթում, բայց ծածկանունով: Ուրիշ պայմաններում ես լինելու էի գրող և այստեղ ոչ մի հակասություն չկա:

     Ես չեմ սիրում թատրոնը

Այսօր քիչ է ասել՝ ես անտարբեր եմ թատրոնի հանդեպ, ես չեմ սիրում թատրոնը: Ես այն հասկանում եմ, ես դրա ուսումնասիրողն եմ, բայց չեմ սիրում: Մարդիկ չեն հասկանում դա. ասում են՝ չի կարող պատահել: Ասում եմ՝ ինչու՞, ենթադրենք՝ կենսաբանը զբաղվում է կարտոֆիլի սորտերի ուսումնասիրությամբ, բայց դա չի նշանակում, որ նա կարտոֆիլն է սիրում, նա սիրում է իր գիտությունը: Բժիշկը զբաղվում է վիրահատությամբ, բայց դա չի նշանակում, որ նա մեծ սեր ունի վիրահատվող օրգանների հանդեպ, ամենևին, նա իր հմտությունն է սիրում: Ես գիտական թատերագիտություն եմ ստեղծում:

     Ովքեր Ստանիսլավսկու սիստեմը լավ հասկանում են, դադարում են խաղալ

Գիտեք՝ այստեղ մի նուրբ կետ կա: Թատերական ինստիտուտում մինչև այսօր դասավանդում են Ստանիսլավսկու տեսությամբ, որը, իմ կարծիքով, շատ կողմերով հնացած ուսմունք է, ունի իր մեջ մեծ ճշմարտություն, բայց նաև դրա մեջ շերտեր կան, որ արվեստին հակառակ են: Արմեն Գուլակյանը մեզ նույնպես ուսուցանել է այդ սիստեմով, ես շատ գոհ եմ, որ այն գիտեմ: Ստանիսլավսկու հիմնական աշխատությունը բազում անգամ կարդացել եմ, դա համարել եմ մեծագույն ճշմարտություն, բայց թատրոնի պատմությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր Ստանիսլավսկու սիստեմը լավ հասկանում են , դադարում են խաղալ: Ինքը՝ Ստանիսլավսկին, երբ այդ սիստեմը ստեղծեց, բեմից հրաժարվեց: Մի անգամ փորձի ժամանակ Արմեն Գուլակյանն ինձ ասաց՝ մտածելով ես գործում, լավ ես անում, բայց կասկածելով մի՛ գործիր, կասկածելով ես սկսել գործել: Իսկ ես կասկածում էի: Ստանիսլավսկու հոգեբանական ճշմարտության տեսությունն ուղեղումս նստացրել էի և այդ տեսությամբ դիտում էի իտալական նեոռեալիստական ֆիլմերը, որոնք իրենց ճշմարտությամբ բացարձակորեն համապատասխանում էին դրան: Ասում էի՝ Տեր Աստված, ինչ դժվար է, հնարավոր չէ սրան հասնել: Այո, իմ մեջ առաջացավ հոգեբանական ճշմարտության մի բացառիկ խանգարող պահանջկոտություն. դրա ամբողջ դժվարությունը, բարդությունը ըմբռնեցի, և միանգամայն գիտակցաբար, առանց ինձ ստիպելու հասկացա, որ չեմ ուզում այս դժվար գործով զբաղվել: Բայց պետք է ասեմ, որ աշխարհի երեսին ամենադժվար գործը գրելն է, չնայած իմն է: Եվ դարձա այդպիսին: Արտիստը չսպանվեց իմ մեջ, այլ դրսևորվեց գրչի միջոցով:

    Մարդը շրջապատի վրա թողնում է ամենևին ոչ այն տպավորությունը, ինչ որ ինքն իրականում կա

Եկել եմ այն եզրակացության, որ մարդը, եթե զբաղված է գիտական աշխատանքով կամ լրջորեն աշխատում է հոգևոր ոլորտում, ողջ կյանքի ընթացքում զբաղված է իրեն ճանաչելով: Շատ դժվար է սեփական անձը ճանաչել, և առհասարակ մարդուն ճանաչելն է դժվար: Մարդը թողնում է շրջապատի վրա ամենևին ոչ այն տպավորությունը, ինչ որ ինքն իրականում կա և շատ քչերն են մարդուն ճիշտ ճանաչում: Մարդն ինքն իրեն բոլորից լավ է ճանաչում և դարձյալ չի ճանաչում: Ինձ շատ քչերն են հասկացել: Ես շատ շատերի վրա թողնում եմ սխալ տպավորություն. Կարծում են՝ խստաբարո, դաժան մարդ եմ: Լավ է որ այդպես են մտածում. Եթե այդպես չկարծեն, ես շատ անպաշտպան կլինեմ. կտրորեն ինձ:Չէ, դա պաշտպանական միջոց չէ ինձ համար, ինձնից անկախ է այդպես: 15 տարի առաջ, երբ ինձ Հեռուստառադիոխորհրդում առաջադրում էին Հեռուստառադիոպետկոմի նախագահ, հանձնաժողովում ինձ հետ զրույց ունեցան և Ռաֆայել Ղազարյանը ասաց՝ ասում են, որ Դուք շատ փափուկ մարդ եք: Ասացի՝ ո՞վ է ասում, նա ով ասել է, անպայման ինձ շատ լավ գիտի: Չասած՝ ով է ասում: Հետո զրույցի ընթացքում մի քանի անհամեստ հարցեր տրվեցին ինձ, որոնց ես էլ կոպիտ պատասխանեցի. և Ռաֆայել Ղազարյանն ասաց՝ ոչ դուք այնքան էլ փափուկ չեք:Ես արժեքի կողքով չեմ անցնում, բայց չար լեզուներն ասում են, որ դաժան եմ, ոչինչ չեմ հասկանում, որ սև ակնոցով մարդ եմ: Ես մեղավոր չեմ, որ արվեստի չափանիշ ունեմ:

     Լռելու եմ

Որոշել եմ այսուհետև բացասական ելույթներ չունենալ, լռելու եմ, շատ խոսեցի: Առողջությանս վրա վատ է ազդում բացասական հոդված գրելը: Ինչու՞ ասեմ, երբ արդեն ասել եմ այդ մասին մեկ առիթով, երկրորդ առիթով, ամեն անգամ չի կարելի կրկնել: Եվ հետո կա տարիքի խնդիր, ես 69 տարեկան եմ, մոտենում եմ 70-ին, բացասական հույզերը վատ են ազդում ինձ վրա: Երբ հեռուստատեսությամբ լեզվական սխալներ եմ լսում կամ արտառոց ինտոնացիաներ, սիրտս կանգնում է, երբ անհաջող ֆալշ ներկայացում եմ դիտում, 5-10 րոպե հետո դուրս եմ փախչում, զարկերակս 120 է խփում: Իսկ ոմանց թվում է, թե ես փնտրում եմ մի տապալված գործ, որ զվարճանալով, ծաղրուծանակով գրեմ դրա մասին: Այո, գրել եմ ծաղրուծանակով, բայց միշտ դա վրաս թանկ է նստել՝ առողջությանս առումով: Արդարացի է, երբ մարդ մի քիչ էլ մտածում է իր առողջության մասին: Ես գրելու շատ բան ունեմ. Այդքան ժամանակ չունեմ, ավելի լավ է ժամանակը չկորցնել, զբաղվել դրական հույզերով, խոսել հաճելի, ժպտադեմ, կատակող, գեղեցիկ մարդկանց հետ և կատարել սեփական գործը, թող դա էգոիզմ համարվի:

     Արհեստական վիճակներ

Իմ ընկերներից մեկը՝ Ներսես Հովհաննիսյանը չորս անգամ ինֆարկտ ունեցավ, ես մեկ անգամ եմ ունեցել. ասաց՝ գիտես, դա արհեստական վիճակներում գտնվելուց է, խուսափիր դրանցից: Ես այդ արհեստական վիճակներից եմ խուսափում: Ինձ համար ամենաարհեստական վիճակն այսօր թատրոնի դահլիճում նստելն է: Ներեղություն. մի կիսագրագետ, գռեհիկ արարած այնտեղ ծամածռվում է, սեթևեթում, ես լուրջ նայում եմ նրան, ընդունում, ծափահարում որպես արվեստ. ավելի լավ է՝ թողնեմ գնամ, դա ինձ համար արհեստական վիճակ է: Իսկ եթե բնական ռեակցիա ցույց տամ, ես կարող եմ նստածս տեղից աղաղակել, գոռալ՝ կորիր այդտեղից… Ավելի յավ է թողնեմ գնամ:

     Երբ ես նրանց հանդիպում եմ, ինձ դժբախտ եմ զգում

Հիմա վախենում եմ անհասկացող մարդուց, անտանելի վախենում եմ: Անհասկացող մարդը քաշում է մարդուն հիմար խոսակցության մեջ և վիճում: Մանավանդ, երբ անհասկացող մարդկանց եմ հանդիպում գիտության մեջ, այ դա ինձ համար ամենածանր վիճակներից մեկն է. մարդը զբաղվում է գիտությամբ, բայց տարվա մեջ մի գիրք չի կարդում: Այսինքն՝ գիտական աստիճանները ստացել է՝ թեկնածուի, դոկտորի, և այլևս իրեն պարտավորված չի զգում նոր բան իմանալ: Արդեն նա քննություն ընդունող է: Անտանելի են այդ մարդիկ ինձ համար: Երբ ես նրանց հանդիպում եմ, ինձ դժբախտ եմ զգում:

     Մենակյացի նման

Չգիտեմ՝ ինչն էր ինձ ստիպում, որ հետազոտողի կենցաղն ընտրեմ, այսինքն՝ քիչ շփվել, մարդկանց հետ չառնչվել, շատ կարդալ: Առնչվել միայն մոտ մարդկանց հետ, ովքեր քեզ հասկանում են, կամ դու իրենց հարգում ու սիրում ես: Մի քիչ մենակյացի նման է եղել իմ կյանքը: Չէ. ես ունեցել եմ շատ լավ ընկերներ, ուսանող ժամանակ իմ ընկերն Արմեն Ջիգարխանյանն էր, դրանից առաջ և այդ ընթացքում Հրանտ Մաթևոսյանը, հետո մեր ընկերությունը խամրեց. Արմեն Ջիգարխանյանը գնաց Մոսկվա: Ռադիոյում մինչև վերջին ժամանակներս իմ մոտ ընկերն էր Սուրեն Պետրոսյանը, նա էլ չկա հիմա: Արվեստի ինստիտուտում մի փայլուն գիտական զրուցակից ունեի՝ կերպարվեստագետ Մաթևոսյանը, որը նույնպես այսօր չկա: Իմ ընկերն էր Գրական ինստիտուտի Պողոս Խաչատրյանը, որը Նարեկացու բնագիրն է կազմել, նա էլ այսօր չկա: Այդ առումով ես մենակ եմ այսօր: Տղամարդ ընկերներիս չեմ տեսնում շուրջս:

     Չի ապրվի

Մարդու կյանքը ներդաշնակ է, եթե նրա հասարակական կյանքն էլ ներդաշնակ է: Մեր կյանքն ավելի ազատ կլինի, մենք ստեղծագործող ազգ կլինենք, եթե մեր դարավոր թշնամին մի օր ներեղություն խնդրի: Դրանից բարոյական բավարարվածություն կստանանք: Դա շատ լուրջ հարց է և պետք է հետապնդվի. Մեր մեջ ատելություն կա, վրեժի զգացում, դա պետք է մեղմել: Չի կարելի վրեժով ու ատելությամբ, թույնով լցված ապրել, չի ապրվի:

     Ժամանակ կա, որ ինչ-որ բան տեղի է ունենում  

Կորցնում եմ ժամանակը, ամեն պահ զգում եմ, որ կորավ, այսօր այս բանը պետք է արվեր, չարվեց, օրեր գնացին հանկարծ՝ անպտուղ և պարապ, ես շատ ուժեղ զգում եմ ժամանակի վազքը: Այսինքն՝ ժամանակ գոյություն չունի, ժամանակ կա, երբ ինչ-որ բան տեղի է ունենում, իսկ եթե ոչինչ տեղի չի ունենում, և կամ մարդ ինչ-որ բան պետք է անի, բայց չի անում, այ այդտեղ զգում ես ժամանակի կորուստը: Մեկ էլ տեսնում ես գրպանիցդ ընկավ-կորավ ինչ-որ մի շաբաթ:

     Երկիրը քավարան է

Դանթեի տիեզերքը երեք հարկանի է, չէ՞. դժոխք, քավարան և դրախտ: Իմ կարծիքով երկիրը քավարանն է, այստեղ փորձվում են, այստեղ մեղանչում են, ի դեպ. մեղանչելը ոչ թե զղջալու , այլ հենց մեղանչելու իմաստով, այստեղ սխալվում են, այստեղ՝ ճշտվում: Քավարանն է երկիրը, իսկ թե հետո պե՞տք է գնալ այն մյուս հարկը, դա արդեն չգիտեմ:

     Կյանքը հրացանի արձակած գնդակ է

Մարդու ծնունդը նման է հրացանի արձակած գնդակի. Ետ դարձնել չես կարող, նա գնում է այնտեղ, ուր ուղղված է: Միայն թե շատերը չգիտեն, թե իրենք ուր են ուղղված ու շեղվում են:

Հ.Գ. Մենք բոլորս արատ ենք, ոտքից գլուխ՝ մի մեծ սխալ: Եթե կատարելության մի բացարձակ գիտակցում լիներ մարդու մեջ Նարեկավանքի ճգնավորն իր   «Մատյան ողբերգության»-ը չէր գրի… Այստեղ ամեն ինչ վերջանում է:

Հ. Հովհաննիսյան 2005 թ.

Հ.Գ. զրույցը վարեց լրագրող Աննա Կարապետյանը