ruhyen
ԳՐՔԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Թատրոն. հին եվ նոր արժեքներ

Թատրոն. հին ու նոր արժեքներ մաս1

Թատրոն. հին ու նոր արժեքներ մաս2   Թատերական մշակույթի անցյալ ու ժամանակակից երևույթները քննելիս ամեն անգամ ընտրում ենք տարբեր հայեցակետեր, ղեկավարվում տարբեր նկատառումներով ու խնդիրներով: Մի դեպքում մեզ հետաքրքրում են թատրոնի գեղագիտության հարցերը, դերասանական խաղի տեխնոլոգիան ու հոգեբանությունը, ոճը կամ ուղղությունը, այլ դեպքում՝ երևույթի պատմական ձևերը, առարկան վկայող արտաքին տվյալները, շատ անգամ էլ, հատկապես քննադատության մեջ, արվեստի ու կյանքի հարաբերությունը: Թատրոնը, ինչպես անցյալում, այնպես էլ նոր ժամանակներում, հանդես չի եկել որպես զուտ էսթետիկական ֆենոմեն: Նա հասարակական հաղորդակցման յուրահատուկ եղանակ է, կյանքի ունիվերսալ մի պայմանաձև, որը երբեմն դուրս է գալիս գեղարվեստական մշակույթի ոլորտից և չի ենթարկվում նեղ արվեստագիտական հարցադրումների: Իր համադրական բնույթով և անցողիկ գոյաձևով թատրոնը տարուբերվում է կյանքի հետ, ենթարկվում անսպասելի մետամորֆոզների և միշտ մնում է հասարակական առաջադիմության ծանրաչափը:

Թատրոնի հին ու նոր արժեքների քննությունը մեզ մղում է և՛ պատմության, բանասիրության ու ազգագրության ոլորտները՝ կողմնակի էքսկուրսների, և՛ անցյալի երևույթները «վերականգնելու » ձգտման ու նկարագրական մեկնությունների, և՛ տեսական կռահումների: Իսկ քննադատությունը ավելի մոտ լինելով հրապարակախոսության, հաճախ առանձնանում է տեսական ու պատմատեսական թատերագիտությունից:

Թատերագիտական ակնարկների ու թատերախոսականների ներկա ժողովածուն կազմելիս ղեկավարվել եմ այս բոլոր նկատառումներով, ունենալով երկու հիմնական խնդիր՝ հին ու նոր երևույթների ներքին կապի որոնումը և թատրոնի, որպես գրականությունից անկախ գեղարվեստական գոյաձևի, հաստատումը:

Ուսումնասիրելով հայ թատրոնի անցյալը՝ միջնադարից մինջև 19-րդ դարի վերջը, հանգել եմ ինչ-ինչ կռահումների ու եզրակացությունների, որոնք դուրս են մնացել հրապարակված գործերից և ստացել առանձին, փոքրածավալ ուսումնասիրությունների տեսք: Դրանք լրացվել են Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում կարդացված դասախոսությունների ընթացքում և կազմում են այս ժողովածուի որակական բեռը, ծավալի առումով՝ մեկ երրորդից ավելին:

Ներկայացվող հոդվածների մյուս խումբը, բացառությամբ մեկ-երկուսի, ժամանակին հրապարակվել է ժողովածումերում ու պարբերականներում: Հրապարակված հոդվածներում էական փոփոխություններ չեն արված, բացի մի քանի լեզվա-ոճական ու տերմինաբանական ճշտումներից: Որոշ տեղերում վերականգնվել են լրագրական կարգի սեղմումներին և ոչ մասնագիտական խմբագրումներին զոհ գնացած նախադասություններ ու բառեր, մեկ-երկու տեղերում՝ վերնագրի նախկին տեսքը:

Գիրքը նախատեսվում է մասնագետների և թատերական արվեստով հետաքրքրվողների համար:

Հ. Հովհաննիսյան

Եր.: <<Սովետական գրող>> հրատարակչություն, 1986, 296 էջ: