ruhyen
ԳՐՔԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Միջնադարյան թատրոնի ակունքները Հայաստանում

 Թատրոնը միջնադարյան քաղաքային կյանքի գեղարվեստական խորհրդանիշներից մեկն է: Նրա ստվերը կանգնած է եղել միջնադարյան վանական հեղինակների թիկունքին և իր սիմվոլիկ այցետոմսն է թողել մագաղաթյա գրչագրերի էջերում: Այդ այցետոմսը թատր բառն է: Ժամանակակիցներն այսպես են անվանում մեր քննախոսության առարկան: Դժվար է անմիջապես վճռել, թե այս ծանոթ ներկայացող անունը ինչ կարող էր նշանակել միջնադարում: Դժվար է անմիջապես վճռել, թե ինչպիսին է եղել միջնադարյան Հայաստանի թատրոնը, որը մինչև այսօր մնում է հայ մշակույթի պատմության խոշոր առեղծվածներից մեկը:

Միջնադարյան Հայաստանի թատրոնը քիչ է ուսումնասիրվել: Պատճառներից մեկը թերևս այն է, որ այդ արվեստը ծնունդ չի տվել գրական արժեքների, չի առարկայացել թատերագրության տեսքով: Թատերական արվեստի վկայությունը դեռևս մոտ անցյալում համարվում էր դրամատուրգիական փաստը. թատրոնը դիտվում էր որպես գրական արվեստի շարունակություն, և նրա՝ գրականությունից անկախ դրսևորումները պակաս ուշադրություն էին գրավում, արժեքավորվում կամ ուսումնասիրվում էին առավելապես ազգագրական-բանագիտական տեսանկյունից: Այսպիսով, բեմական մտածողության նախագրական շրջաններից ժառանգված տեսակետներն ու ձևերը, որոնք գոյատևել են ամբողջ միջնադարի ընթացքում, զգալի չափով դուրս էին մնալու պատմաբանների ուշադրությունից: Սա վերաբերում է հիմնականում Առաջավոր Ասիայի, մասնավորապես հայկական վաղ միջնադարյան թատերական մշակույթին: Թեև նախկինում արվել են բանասիրական որոնումներ, և մեր օրերում էլ հայ հին ու միջնադարյան թատրոնի մասին գրվել է մեկ-երկու ծավալուն ուսումնասիրություն, բայց հարցը լայն շրջանառության մեջ չի մտել, քննական վերաբերմունքի չի արժանացել և ցանկալի չափով չի խորացվել: Անվիճելի կամ հավանական թվացող ենթադրություններն ու կռահումներն առաջացրել են ավելի շատ կողմնակի, պասսիվ հետաքրքրություն, և առարկան ձեռք է բերել երբեմն առասպելի, քան իրողության իմաստ: Ստեղծվել է նույնիսկ այն մտայնությունը, թե անհրաժեշտություն չկա ստուգել զուտ հիշողությամբ պահպանված, ենթադրություններով «վերակառուցված » և կարծես այդ ձևի մեջ հետաքրքիր երևույթը: Բայց սա նախապաշարում է, իսկ ամեն մի գիտական որոնում սկսվում է նաև նախապաշարումը հաղթահարելուց:

Միջնադարյան Հայաստանի թատրոնի ուսումնասիրությունը դեռևս չի ստացել լիակատար իմաստով արվեստագիտական բովանդակություն: Վերակազմող տվյալների որոնումը կամ հայտնի փաստերի ճշգրտումները մեզ անխուսափելիորեն մոլորեցնում են պատմության, բանասիրության և ազգագրության շավիղներում: Երևույթի գեղագիտական իմաստավորումը այս պարագայում թվում է անհեռանկար: Բայց և անհրաժեշտություն է առաջանում ազատագրվել մեկը մյուսին կրկնող փաստերը բազմապատկելու ձգտումից և պատմաբանասիրական զննումներն ուղղել առավել հստակ նպատակի՝ պարզել անհետացած գեղարվեստական երևույթի նկարագիրը:

Այս գրքի շատ էջեր կարող են այն տպավորությունն ստեղծել, թե մեր ուշադրության առարկան ոչ այնքան թատրոնն է, որքան լեզվական ու մատենագրական վկայությունները՝ բաներ, որ հեռու են իրենց կենդանի աղբյուրից և դժվարությամբ են խոսում այսօրվա մարդու պատկերացումների և երևակայության հետ: Մեր առաջին խնդիրն է ճիշտ խոսեցնել այդ տվյալները: Ընթերցողին կարող է թվալ նաև, որ չափից ավելի ենք հափշտակված բանասիրական ու բանագիտական խնդիրներով: Սա ուսումնասիրության ոչ թե նպատակը, այլ միջոցն է, առայժմ ամենաստուգվածն ու վստահելին: Թվում է, ճշմարտությանը մոտենալու միակ եղանակն այս է, եթե առարկայի մասին չունենք անմիջականորեն տրված գիտելիքներ, եթե մեր պատկերացումները միջնորդված են անուղղակի, տարաբեկված և հիմնականում մերժողական (նեգատիվ) փաստերով: Դա գալիս է նաև իր իսկ առարկայի բնույթից: Ստեղծված լինելով միջնադարյան դպրության ու գիտության շեմքից դուրս, հեռու լինելով բարեպաշտության սխրանքներից, հավատին ու դավանաբանությանը ծառայելու միջոցներից, թատրոնը ժամանակի մատենագրության մեջ գրեթե չի թողել գրական հետքեր: Միջնադարի հեղինակները շեղ են նայում մեր հետաքրքրության առարկային: Եվ անհրաժեշտ է դառնում վերծանել ու մեկնաբանել նրանց միակողմանի, հաճախ միանման ակնարկները:

Անցածի ամենաստույգ վկայությունը, նրա կենդանի հիշողությունը լեզվական փաստն է: Այդպես է այնքանով, որքանով անվանումների թիկունքին, հեռու կամ մոտ, կանգնած են առարկաները: Այս օրենքը փոքր ինչ այլ իմաստ է ձեռք բերում, երբ բախվում ենք միջնադարյան գրքային մտածողությանը: Այստեղ ոչ սակավ շփոթեցնում է բառի ակներև նշանակությունը՝ նրա իմաստի նոր, մեր պատկերացմանը մատչելի շերտը: Սա այն դեպքն է, երբ իրերի քննությունը սկսվում է նրանց ներկայացուցիչներին ճիշտ ճանաչելով: Բայց անուններից մինչև իրերն ընկած ճանապարհը խորխորատներ շատ ունի, և, ինչպես կասեր Գրիգոր Տաթևացին, «բանն զիրն ոչ կարէ ճշմարտել, այլ իրն զբանն ճշմարտէ»: Չհակաճառենք ուրեմն միջնադարյան նոմինալիստներին և զգույշ խոսենք ինչպես լեզվական փաստերի, այնպես էլ մատենագրական այլ կարգի վկայությունների հետ: Հայտնի է, որ միջնադարյան հեղինակների շատ խոսքեր ունեն գրքային ծագում: Այստեղ բառը երբեմն ստանում է խիստ պայմանական իմաստ, հեռանում է իր առարկայական նշանակությունից, և ապա, ամեն դերքում չէ, որ առարկաները և երևույթները որակվում են իրենց անուններով: Միջնադարյան հեղինակը գերադասում է դրանք փոխարինել Ս. Գրքից առնված անվանումներով ու մակդիրներով: Խոսքի պատրաստի բանաձևերից, արտահայտվելու կանոնիկ-ստերեոտիպային ձևերից բացի հայ միջնադարյան մատենագրության մեջ շրջանառվում են լեզվական այնպիսի փաստեր, որոնք ստեղծվել են թարգմանությունների ու մեկնությունների ճանապարհին և կողմնակիորեն են արտացոլում մեզ հետաքրքրող երևույթը: Ուրեմն հարկ է տարբերել գրքից եկող և կյանքից եկող խոսքերը, չնույնացնել ոճը և կյանքը: Այս առումով,  զգույշ բացատրություն են պահանջում նաև միջնադարյան մանրանկարների այն զարդամոտիվները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են թատրոնին, դիմակավոր ու անդիմակ մարդկային կերպարները, որոնք խաղ կամ դերասան են հիշեցնում: Այստեղ ևս դժվար է վստահել միայն արտաքին տպավորություններին կամ իրականության անմիջականարտացոլումներ որոնել: Մանրանկարներում ի մի են լուծված այլ ձեռագրերից և կյանքից  բերված տպավորությունները, միջնորդված ու անմիջական մոմենտները: Եվ ապա, միջնադարյան պատկերագրությունը (իկոնոգրաֆիա) և պատկերային սիմվոլիկան չվերծանված կողմեր շատ ունեն, որոնք կարող են անհարկի թյուրիմացությունների մղել: Այս բնագավառում չունենք ուսումնասիրության այն մշակված ու ստուգված հիմքերը, ինչ դասական բանասիրության մեջ, և նպատակահարմար ենք համարում առայժմ չդիմել մանրանկարչական նյութի օգնության: Դա պահանջում է այլ կարգի ուսումնասիրություն, պատկերային լեզվի վերծանման մեզանում թերևս չգործադրված եղանակներ: Մեր ուշադրությունն այժմ ուղղված է լեզվական, մատենագրական, տեսական գեղագիտական և բանահյուսական փաստերին, որոնք ավելի հին են և չբացահայտված տեղեկությունների ավելի մեծ բեռ են կրում: Ճիշտ կողմնորոշման դեպքում նրանք հետագայում գուցե ճանապարհ հարթեն դեպի պատկերային նյութը և հայտնությունների դուռ բանան: Բայց առայժմ այստեղ էլ մեզ չեն սպասում հույժ տպավորիչ իրավիճակներ, որքան էլ այդ կողմ են թեքում շրջանառվող ենթադրությունները, որքան էլ այդ է ակնկալում հետաքրքրասեր ընթերցողը: Միջնադարյան Հայաստանի թատրոնի ուսումնասիրության արահետը սկսվում է Նոր Հայկազյան բառարանով: Լեզվական փաստերի բազում վկայությունները (Աստվածաշունչ, Ագաթանգեղոս, Բուզանդ, ոսկեդարյան և հունաբան թարգմանություններ) անուղղակիորեն հուշում են, որ հայկական վաղ միջնադարը ներթափանցված է եղել թատրոնով ու թատերայնությամբ: Նոր Հայկազյան բառարանը առաջինն է միտք տալիս ուսումնասիրության առարկա դարձնել այդ: Սա նաև մեր ամենաստուգ կողմնորոշիչն է,քանի որ նրանից դուրս գտնվող փաստերը դարձյալ ի հայտ են գալիս նրա օգնությամբ:

Միջնադարի թատրոնով հետաքրքրվող անցյալի հայ բանասերներց առանձնանում է Հ. Վարդան Հացունին: Նրա «Ճաշեր և խնճույք հին Հայաստանի մեջ» (Վենետիկ, 1912) և « Հայուհին  պատմության առջև» (Վենետիկ, 1936) աշխատություններում, մանավանդ երկրորդում, որը դուրս է մնացել հետագա ուսումնասիրողների ուշադրությունից, միջնադարյան Հայաստանի թատերային զվարճալիքների պատկերը ներկայանում է բավական շոշափելի: Մխիթարյան բանասերը համախմբել է ամենաակներև տվյալները՝ առանց միակողմանի հափշտակությունների, փորձագետի անկողմնակալ հայացքով: Հացունին  սկզբունքորեն փաստագիր է և էմպիրիկ. Տվյալները ներկայացնում է գրեթե առանց մեկնաբանման, ստեղծելով մի պատկեր, որը և՛ համոզիչ է, և՛ ներդաշնակ ընդհանուր միջնադարյան թատրոնի մասին մեր ունեցած գիտելիքներին: Հացունին բանասեր-ազգագրագետ է և թատրոնը նրան հետաքրքրող հիմնական երևույթը չէ: Բայց միջնադարյան թատրոնի ուսումնասիրության համար նա արել է անհամեմատ ավելին, քան կարող էր թույլ տալ իր աշխատանքի ողջ թատերագիտական բնույթը:

Թատրոնի պատմության ուսումնասիրելու ոչ մի նպատակ չի ունեցել նաև Մանուկ Աբեղյանը, բայց իր «Հին գուսանական ժողովրդական երգեր» աշխատությունում բացահայտում է միջնադարյան թատրոնի ու թատերական կյանքի ավելի նուրբ կողմեր, քան հետագայի թատերագետ ուսումնասիրողները: Աբեղյանն առաջինն է այն միտքը հայտնում, որ հայկական միջնադարի թատրոնը եղել է բանավոր ստեղծագործության (իմպրովիզացիայի) արվեստ, բնույթով նման ուշ անտիկայից ժառանգված միմ կոչվող թատերական ժանրին: Աբեղյանը ցույց է տալիս նաև հայրենների, որպես քաղաքային ֆոլկլորի, աղերսը աշխարհիկ թատերային երևույթների հետ: Դրանք անվիճելիորեն նույն սոցիալ-հասարակական միջավայրի, գեղարվեստական նույն աշխարհայացքի արտահայտություններն են: Սա կարող է թվալ շատ սովորական, ոչ տպավորիչ միտք: Բայց հենց այստեղից ականավոր բանագետը մեզ թեքում է այն սկզբունքային եզրակացության, որ հայրենները, հեթանոսական զգացմունքների մերկությամբ և զգայական  սիրո պոետականացումով, հայ միջնադարյան աշխարհիկ թատրոնի գրական զուգահեռն են: Աբեղյանի այս ակնարկները զարմանալիորեն տպավորություն չեն թողել թատրոնի պատմաբանների վրա, թերևս չեն էլ նկատվել:

Հայ հին և միջնադարյան թատրոնի նպատակադիր ուսումնասիրությունն սկսվում է Գարեգին Լևոնյանի «Թատրոնը հին Հայաստանում» (Երևան, 1941) պատմաբանասիրական ակնարկով: Լևոնյանը որոշ առումներով անկախ է իր նախորդներից, ծանոթ չէ Հացունու երկրորդ աշխատությանը, ելակետ չի դարձնում Աբեղյանի դրույթները, բայց ստեղծում է հարցադրման ավելի լայն շրջանակ: Նա փորձում է բացել առարկայի քննության բոլոր հնարավոր ուղիները, ուշադրություն է հրավիրում խնդրի ամենահեռավոր կերպով առնչվող փաստերի վրա: Բանասեր-արվեստագետը կողմնորոշվում է զուտ «առողջ բանականությամբ»՝ չի փորձում հեռանալ երևույթի ակներև նշաններից: Բայց մինչև վերջ պարզած չլինելով ուսումնասիրվող առարկայի բնույթը, նա երբեմն դուրս է գալիս խնդրի սահմաններից՝ վկայակոչում է կողմնակի տվյալներ: Ինչպես նկատել է Լևոն Քալանթարը, նա «դյուրությամբ թատերական կուլտուրայի փաստեր է ընդունում նաև այն, ինչ արվեստի այլ կարգի երևույթ է»: Լևոնյանի աշխատությունում ընդհանրապես պակասում է քննական վերաբերմունքը վկայությունների հանդեպ. հեղինակը գրեթե չի փորձում ստուգել փաստերի երեվութական անվիճելիությունը:  Այս առումով Լևոնյանի ինֆորմացիան այնքան վստահելի չէ, որքան իր նախորդներինը, բայց անհամեմատ հարուստ է և բազմակողմանի: Դրանով էլ այս փոքրածավալ գիրքը մտածելու շատ առիթներ է տալիս և առաջիկայում էլ պահպանելու է այդ հետաքրքրությունը:

Լևոնյանի պատմաբանասիրական ակնարկը հիմք և առիթ հանդիսացավ, որ հայ հին ու միջնադարյան թատրոնը դառնար առանձին հետաքրքրության առարկա, որպեսզի հրապարակ գար Գևորգ Գոյանի «Հայ թատրոնի երկուհազարամյակը» (ռուս., Մոսկվա, 1952) երկհատոր աշխատությունը: Դրանով խնդրի ուսումնասիրությունը դուրս էր բերվում ավանդական բանասիրության բնագավառից: Հացունու, Աբեղյանի և Լևոնյանի նախանշած արահետը լայնացավ մեր հայացքի առջև ու միացվեց համաշխարհային թատրոնի պատմության մայրուղուն: Անհետացած գեղարվեստական երևույթը ստացավ պատմական նոր բովանդակություն: Հայ հին ու միջնադարյան թատրոնը այլևս չէր կարող ընկալվել թատրոնի համընդհանուր պատմությունից դուրս: Այս է Գոյանի ուսումնասիրության օբյեկտիվ արդյունքը, նրա հիմնական արժեքը: Խնդրի նման ծավալումը տրամաբանական է այնու, որ հայ միջնադարյան մշակույթը գտնվում է վաղ քրիստոնեական քաղաքակրթության (Կապադովկիա, Ասորիք, Բյուզանդիա) ընդհանուր ոլորտում՝ արևմտաեվրոպական միջնադարի նախամուտքում: Գոյանը նման միտք ուղղակիորեն չի հայտնում. դա նրա շարադրանքի արտատեքստն է՝ այն ռացիոնալ եզրակացությունը,որին ընթերցողն է հանգում: Հեղինակի սուբյեկտիվ հայացքը փոքր-ինչ այլ կողմ է ուղղված: Նա փորձում է հայոց վաղ միջնադարում տեղադրել Եվրիպիդեսին ու Մենանդրոսին և թատերական այն համակարգը, որը V-X դդ. հազիվ հիշողություն էր: Դա նունն է, թե Զվարթնոցի փլատակը վերակառուցենք Էրեխթեոսի սյունաշարով կամ Հռիփսիմեի տաճարը զարդարենք Միլոսյան Աֆրոդիտեի արձանով: Նման ձգտումը ստեղծել է արհեստական իրավիճակների մի շղթա և հեղինակին մղել վիճելի փաստարկումների, բռնաձիգ մեկնությունների, անստույգ վճիռների: Պետք է նկատել, որ Գոյանի ինտուիտիվ կռահումները ավելի հետաքրքիր են, քան փաստարկումները: Նրա աշխատությունում կան չփաստարկված, բայց ճշմարիտ մտքեր ու ակնարկներ, որոնք կարող են խորը հարցադրումների մղել հետագա ուսումնասիրողին:

Հայ միջնադարյան թատրոնի, առավելապես թատերական բանահյուսության հարցերին մեծ չափով անդրադառնում է նաև Սրբուհի Լիսիցյանը՝ «Հայ ժողովրդի հինավուրց պարերն ու թատերական ներկայացումները» (ռուս., հատ. 1, Երևան, 1958, հատ. 2, 1972) ստվարածավալ աշխատությունում: Իր բովանդակությամբ ու նպատակներով այս գործը շատ տարբեր է վերոհիշյալներից: Լիսիցյանի նպատակը հայ պարարվեստի առանձնահատկությունների հայտնաբերումն է և վերակառուցումը: Թատրոնին առնչվող հարցեր այստեղ ներկայացված են ազգագրական նյութի (մեծ մասամբ հայտնի) բավական ծանր շաղախում: Այստեղ ամեն ինչ շրջադրված է պարարվեստի հետ ունեցած առնչությունների տեսակետից: Այս կետերում հեղինակի հետ վիճելու հարց չկա: Բայց մեզ տարակուսանքների են մղում այլ հանգամանքներ: Նախ ինչու՞ զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանից  ժառանգված պարային բանահյուսությունը թեկուզ և անուղղակիորեն զուգադրվում է աֆրիկյան , ավստրալիական կամ հարավամերիկյան ժողովուրդների բանահյուսության հետ: Եվ ապա ինչու՞ է չափազանց մեծ նշանակություն տրվում կենդանապաշտությանը և թատերային արտահայտության կենդանակերպ (զոոմորֆ) ձևերին, երբ վաղ միջնադարի հայ բանահյուսությունը վաղուց հեռացել էր սաղմնային վիճակից, մարդկայնացել իր բովանդակությամբ և հասել գեղարվեստական բարձրագույն կատարելության:  Լիսիցյանը մեծ չափով դիմում է նաև լեզվական փաստերի օգնությանը, բայց ոչ մի նշանակություն չի տալիս բառերը մատենագրական վկայություններով ստուգաբանելուն, և ծագում են կամայական բացատրություններ, բառիմաստների «մոդեռն» թարգմանություններ և այլն: Առարկաներ հայտնագործելու այս կերպը թերևս պակաս ուշադրություն գրավեր, եթե չշարունակվեր Էմմա Պետրոսյանի «Թատերական գծերը հայ միջնադարյան մանրանկարներում» աշխատությունում: Այստեղ բերվում են մի ամբողջ շարք իբր թատերական տերմիններ՝ առանց ստուգաբանության ու վկայությունների: Մինչդեռ եթե բառերը ծառայելու են երևույթների պատկերը վերականգնելուն, պետք է վերածնվեն ամենայն հետևողականությամբ:

Թող չառաջանա այն տպավորությունը, թե մեր նպատակները բանավիճային են: Արտահայտվելու այդ եղանակը հեռու կարող է տանել, եթե ջանաք ճշտել մեր ճանապարհին հանդիպող բոլոր սխալ կամ վիճելի կետերը: Այնուամենայնիվ, որքան էլ գերադասելի, նույնքան էլ դժվար է խուսափել գիտական ձևով չմշակված հարցերին անդրադառնալու ակամա պարտավորությունից:

Հին ու միջնադարյան թատրոնի հարցերի շուրջը տարբեր աշխատություններում և տարբեր առիթներով արտահայտվել են Ա. Կարինյանը, Լ. Քալանթարը, Վ. Թերզիբաշյանը, Ա. Առաքելյանը, Ա. Մնացականյանը, Ս. Ռիզաևը, Վ. Խեչումյանը, Լ. Զաքյանը (Վենետիկ) և ուրիշներ, որոնց կանդրադառնանք ըստ անհրաժեշտության:

Ուսումնասիրության ընթացքում ընտրել ենք նյութի և հարցադրման համեմատաբար ոչ լայն շրջանակ, փորձելով ավելի շատ հարցեր մշակել, քան վճիռներ տալ: Այս գիրքը միջնադարյան Հայաստանի թատրոնի պատմությունը չէ, այլ նրա պատմա-գեղագիտական, կրոնա-աշխարհայացքային և բանահյուսական հիմքերի քննությունը, մասամբ նաև այդ թատրոնի բնույթի հետազոտումը: Մեր ուսումնասիրության առարկան հիմնականում վաղ միջնադարի և մասամբ զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի քաղաքային աշխարհիկ թատրոնն է, որը պատմականորեն ներառվում է Առաջավոր Ասիայի վաղ միջնադարյան թատերական մշակույթի ընդհանուր համակարգում: Ցանկանանք, թե ոչ, այս խնդրի քննությունը դուրս է գալիս հայ թատրոնի պատմության , երբեմն էլ թատերագիտության սահմաններից և լծորդվում ընդհանուր միջնադարագիտության (մեդիեվիստիկայի) բնագավառին: Դա սերտորեն առնչվում է նաև հայկական միջնադարի բանահյուսության, գրականության և գեղագիտական մտքի հարցերին: Մեր շեղումներն այս դեպքում որոշ նպատակադրում ունեն: Թատրոնի ուսումնասիրությունը, կարծում ենք, այստեղ նպաստելու է նաև հայագիտության ինչ-ինչ հարցերի վերաիմաստավորմանը: Ուրեմն, ոչ մի հարցադրում մեզ համար չի կարող ինքնաբովանդակ լինել հայոց պատմության ու մշակույթի տրամաբանությունից, դասական հայագիտության շենքից: Այդ շինության հիմքերն ու սյուները անսխալ են: Հարկ է գտնել նրանում թատրոնի տեղն ու սահմանը, առանց հարկաբաժինները շփոթելու, առանց սխալ դռներ բախելու:

Հ. Հովհաննիսյան

Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1978