Թատրոն եվ թատերախոսություն
Ժողովածուն ընդգրկում է հեղինակի հիմնականում վերջին մեկուկես տասնամյակում հրապարակած հոդվածները, նաև որոշ անտիպ նյութեր, հուշագրական ակնարկներ՝ ընդհանուր թեմատիկ հարցադրումով. ինչ է թատրոնը որպես անձի հրապարակային ներկայության արվեստ, հասարակական գիտակցության դրսևորում, մտածողություն և խաղ: Շոշափվում են բեմական արվեստի տարբեր ոլորտներ՝ դրամա, էստրադա, կրկես, ստուդիական փորձ և այլն: Այս գիրքը յուրահատուկ ամփոփումն է հեղինակի թատերական գեղագիտության:
Երկու խոսք հեղինակի կողմից.
Ի՞նչ է թատրոնը, խա՞ղ, հասարակական կենցաղի ձևերից մե՞կը, թե՞ ազատ արվեստ, կամ այս ամենը միատեղ, որպես իրականության կենդանի խորհրդակերպումը: Այս հարցերն են զբաղեցրել ինձ, ժամանակի ընթացքում հանգեցրել ընդհանուր մի հայեցակետի, և այս է ներկա ժողովածուի իմաստը:
Հարցերը ծագել են ինքնին, այս կամ այն ներկայացման առիթով, տարբեր դիտումներում, զրույցներում ու բանավեճերում: Սրան ասում ենք թատերախոսություն, որ թատերագիտույան էստրադան է՝ գիտությանը հրում տվող կենդանի խոսակցություն: Խնդիրը սակայն սկզբունքն ու նպատակն է: Եվ այս էլ թելադրում է միատեղել տարբեր առիթներով գրված, տարբեր բնույթի հոդվածներ, նաև հուշագրական էջեր, որոնցում ընդհանուրը ներքին պաթոսն է, ջատագովումը հեղինակիս հասկացած գեղարվեստական ճշմարտության և մերժումը սեթևենթանքի ու կեղծիքի:
Քննադատությունը չի եղել ինձ համար նպատակ և պարբերական զգացմունք, թատերական առօրյա կենցաղին միջամուխ լինելու, ոմանց դրվատելու կամ պարսավելու, հարաբերություններ ստեղծելու միջոց: Ջանացել եմ հեռու մնալ կուլիսներից, թատրոն մտնել տոմս գնելով և հանդիսականի մուտքից, չկորցնելու համար հանդիսականի վիճակն ու անաչառությունը: Երևույթներին կամ դեմքերին անդրադարձել եմ այն չափով, ինչ չափով առիթ են տվել հաստատելու որևէ դրույթ, ճշտելու և մշակելու չափանիշներ: Բնական է, չէր կարող շատ գրվել: Գրել եմ, երբ չեմ կարողացել չգրել, երբ ինձ ներշնչել է գտնված արժեքը, կամ հակառակը՝ երբ տեսածս վիրավորել է խիղճս ու ճաշակս: Շատ բան շրջանցել եմ, չտեսնելու տվել, երբեմն էլ հեռացել եմ հանդիսասրահից ներկայացման կեսին չհասած: Չեմ շրջանցել սակայն ինձ հանդիպած որևէ նշանակալից արժեք՝ այն ինչ միտք է տվել, և դեպքից դեպք, սրտի ֆիզիկական ցավով, պախարակել եմ արժեքների հավակնոտ ոտնահարումը: Իսկ ամենօրյա ապիկարության հանդեպ հարմար է լռելը, թեպետ այդ էլ քննադատություն է ու երբեմն ավելի թանկ է նստում: Բայց ես թատերական լրագրող չեմ և լռում եմ, երբ առարկան նոր միտք չի տալիս: Եթե մերժելին կրկնվելով վերածվում է «կանոնի», անիմաստ է այլևս խոսելը, մանավանդ եթե խնդիրը խրատելն ու ճշտելը չէ, այլ գեղագիտական չափանիշների հստակումը:
Այսպիսով, քառասուն տարում (1963-ից) մոտ հիգ տասնյակ լրագրային ու ամսագրային հոդված, որոնցից ինը միայն բացարձակ մերժողական, մի քանիսն էլ խմբագրություններից մերժված: Ավելին չէր լինելու: Եթե նպատակը տեսական է, որտեղի՞ց քառասուն դրույթ: Բնական է, անխուսափելի են մտքերի տարբեր երանգավորումները տարբեր համատեքստերում:
Ներկա ժողովածուն ընդգրկում է վերջին մեկ ու կես տասնամյակում հրապարակված նյութեր, նաև երկու հոդված 1983 թվից: Գրաքննական արգելքների գրեթե չեմ հանդիպել, չհաշված մեկ-երկու վերնագրի փոփոխություն: Եթե ինչ-որ հոդվածներ վերադարձվել են, պատճառը գաղափարական չի եղել, բացի մեկ դեպքից: Խմբագրական միջամտությունները մեկ-երկու բառից հեռուն չեն գնացել: Այս էլ ճաշակի խնդիր է եղել: Ուստի որոշ բառեր կամ ձևակերպումներ վերականգնում եմ և որոշ տողեր կրճատումզուտ մասնագիտական նկատառումներով:
7 ապրիլ, 2004 թ.